ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Իրադարձություն, որ սովորական մարդկային կյանքի փորձառությունից դուրս է»

«Իրադարձություն, որ սովորական մարդկային կյանքի փորձառությունից դուրս է»
31.03.2015 | 13:54

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ Երևանի պետական բժշկական համալսարանի և Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել է ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտություն, որը կամփոփվի հունիսին: Թեմայի վերաբերյալ դասախոսություններ է անցկացրել Ֆիլադելֆիայում, Լոս Անջելեսում, Օքսֆորդում, Մադրիդում, Ճապոնիայի Ֆուկոկա քաղաքում՝ համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հերթական համաժողովում: «Իրատեսի» հետ զրույցում հոգեբանը անդրադարձավ նաև Կոմիտասի հիվանդության խնդրին:
Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է նրա մայրը, տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Խաչատուր Գասպարյանի խոսքով` որբությունը մի գործոն է, որ կարող է մարդուն դարձնել ավելի զգայուն հոգեկան հիվանդության նկատմամբ. «Որբ մարդիկ ավելի խոցելի են, ավելի զգայուն, ինչը հիվանդություն չէ, այլ անձի խառնվածք: Սակայն Կոմիտասը մանկության տարիներին, մինչև վարդապետ դառնալը, Էջմիածնում սովորելու ժամանակ արտառոց վարքի որևէ դրսևորում չի ունեցել»:
1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալում է նաև Կոմիտաս վարդապետին և աքսորում Չանգր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ է արձակվում և հետ ուղարկվում Կոստանդնուպոլիս (ասում են` ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի կնոջ միջնորդությամբ): Բայց աքսորի ճանապարհին արդեն սարսափելի իրավիճակներ է ապրում: Կա մի հիշատակում, ըստ որի, վարդապետն ասում է, որ ծարավ է: Աքսորյալները նրա համար ջուր են գտնում-բերում: Կոմիտասը չի հասցնում խմել ջուրը. թուրք ոստիկանը նկատում է և ջուրը շուռ է տալիս վրան:
Խաչատուր Գասպարյանը նշեց, որ դիպվածը շրջադարձային է եղել. «Ականատեսների վկայությամբ, Կոմիտասի մոտ այդ պահին առաջացել է քարացում: Դա մի վիճակ է, երբ մարդը չի կարողանում հակազդել իրավիճակին: Աքսորի ճանապարհին Կոմիտասը աստիճանաբար փոխվել է: Առաջ է եկել հետապնդման վախ, թուրք զինվորներ է փնտրել: Այսօր արդեն հստակ կարելի է ասել, որ նրա մոտ ախտորոշվել է հետտրավմային սթրեսային խանգարում, ինչը նշանակում է, որ մարդու կյանքում պատահել է իրադարձություն, որ սովորական մարդկային կյանքի փորձառությունից դուրս է: Այդ իրադարձությունը այնպիսի ազդեցություն է թողնում, որ մարդը չի կարողանում իր հետագա կյանքը կազմակերպել: Նա կարող է այդ իրադարձության հետ կապված ձայներ լսել, պատկերներ տեսնել: Սակայն պատճառը ոչ թե շիզոֆրենիան է, այլ տրավմատիկ ապրումները»:
Բժշկապետ Վահրամ Թորգոմյանը 1916-ի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխում է Շիշլիի «Դե լա Պաի» հիվանդանոց: 1919-ի ապրիլին Կոմիտասին տեղափոխում են Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922-ի օգոստոսին, միջոցների սղության պատճառով, Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, որտեղ մնում է մինչև իր կյանքի վերջը։
Խաչատուր Գասպարյանը նշեց, որ Կոմիտասը Փարիզի հոգեբուժարանում բոլորի հետ նորմալ շփվել է, հայ մարդկանց հետ շփման ժամանակ տարօրինակություններ է դրսևորել: Ամեն հայ նրան հիշեցրել է եղեռնը: ՈՒշագրավ մի օրինակ էլ բերեց. ֆրանսիացի հոգեբույժները նշել են, որ հիվանդը պառկում է գետնին, մահճակալից հրաժարվում է: «Կոմիտասը վարդապետ եղած ժամանակ միշտ գետնին է պառկել: Նրա այդ սովորությունը հոգեբույժները դիտարկել են որպես տարօրինակության դրսևորում»,- պարզաբանեց Խաչատուր Գասպարյանը, փաստեց նաև, որ «հետտրավմային սթրեսային խանգարում» ախտանիշը առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր միայն հստակեցվել է: Մինչ այդ փսիխոտիկ խանգարումների շարքին է դասվել:
Կա կարծիք, որ Վարդապետին հնարավոր էր բուժել՝ նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի բնականոն ռիթմը, ստեղծագործական աշխատանքը:
«Մինչ աքսորը Կոմիտասն իր խնդիրների լուծումը գտել է արվեստի, երաժշտության մեջ: Արվեստը կարծես թերապևտիկ իմաստ է ստացել նրա համար։ 15 թվականի դեպքերից հետո երաժշտությամբ չի զբաղվել, չի ստեղծագործել, ինչը գուցե օգներ նրան: Թեև Կոմիտասի վերապրած ցնցումն այնքան մեծ է եղել, որ ոչ մի կերպ չի կարողացել ազատվել դրանից»,- ասաց զրուցակիցս:
Կոմիտաս վարդապետի հիվանդության մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Եղած նյութերի, նամակների, վկայությունների հիման վրա գիտական և պատմական ուսումնասիրությունները շարունակվում են: Մեծ թվով նյութեր անհետ կորած են: «Դե լա Պաի» հիվանդանոցի արխիվում պահվող հիվանդության արձանագրությունները դեռևս փակ են։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 30099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ